Վարկային պատմության և վարկային սքորի էությունն ու բարելավման ուղղությունները

Վարկային պատմության Էությունը

Վարկային պատմությունը հաճախորդի ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության ամբողջությունն է, որը ցույց է տալիս վերջինիս ֆինանսական պարտավորությունների կամ դրանց կատարման պատմությունը:

Վարկային պատմության մեջ ներառվում են հարցման պահին նախորդող 5 տարիների վերաբերյալ տվյալները, և այն ձևավորվում է` անձի ստացած ֆինանսավորումներից, այդ թվում՝

🔺 դրանց քանակից և գումարից

🔺 յուրաքանչյուր ֆինանսավորման գումարից, տեսակից, ժամկետներից, դրա գծով վարկատուի կողմից կիրառվող անվանական տոկոսադրույքից

🔺 ֆինանսավորման ապահովում հանդիսացող գրավների վերաբերյալ տեղեկատվությունից

🔺 վարկից բխող մարումների կատարման պարտաճանաչությունից (օրինակ` ժամանակին են վճարվել տոկոսներն ու մայր գումարը, թե՝ ոչ)

🔺 այլ անձանց տրամադրված երաշխավորություններից, դրանց քանակից և գումարից, յուրաքանչյուր երաշխավորությամբ ապահովված վարկի տեսակից, ժամկետներից և գրավների վերաբերյալ տեղեկատվությունից

🔺 ֆինանսավորումների և երաշխավորությունների գծով ժամկետանց օրերի/գումարների առկայությունից, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքներից

🔺 չվճարված կամ ուշացված կոմունալ վճարներից

Վարկային պատմությունը չի պարունակում անձնական բնույթի տվյալներ, ինչպես օրինակ անձի էթնիկական պատկանելիություն, կրոնական և քաղաքական հայացքներ, սոցիալական վիճակ և այլն:

Վարկային պատմության մեջ սխալների ու թերությունների հայտնաբերման դեպքում պարզաբանման և ուղղման նպատակով հաճախորդները կարող են այդ մասին տեղեկացնել վարկային բյուրոյին կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող ֆինանսական կազմակերպություններին:

Վարկային պատմության վերաբերյալ առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այցելելով հետևյալ կայքեր`

🌐 www.abcfinance.am

🌐 www.acra.am

Վարկային սքորի էությունը

Վարկային սքոր գնահատականը ցուցանիշ է, որը ձևավորվում է վարկային պատմության հիման վրա և ցույց է տալիս՝ որքանով է տվյալ անձը պարտաճանաչ որպես վարկառու:

Սքոր գնահատականի հիման վրա կարող է որոշվել հաճախորդի վարկավորման հնարավոր սահմանաչափը, ժամկետը և այլ պայմաններ կոնկրետ վարկատեսակի համար։ Վարկային սքորը տալիս է վարկառուի վարկային ռիսկի (վարկարժանության) թվային գնահատականը՝ որպես սպառողական կրեդիտավորման ռիսկի մակարդակի չափորոշման առանցքային գործիք:

Վարկ ունեցած չլինելու պարագայում անձը չի կարող ունենալ նաև սքոր գնահատական:

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ն վարկի տրամադրման որոշման կայացման հարցում կիրառում է Ֆայկո սքոր և սեփական սքորինգային համակարգը։

Սքոր գնահատականների վրա ազդող գործոններից են՝

🔻 հաճախորդի վարկային պատմությունը (վճարումների ուշացումները նվազեցնում են սքորը)

🔻 գործող վարկերի գումարը և քանակը (բարձր ծանրաբեռնվածությունը կարող է նվազեցնել սքորը)

🔻 նոր վարկային հայտ ներկայացնելու հաճախականությունը (հաճախակի վարկային հայտ ներկայացնելը կարող է նվազեցնել սքորը)

🔻 վարկերի հերթական վճարումներն առանց ուշացումների իրականացնելը և այլն (ժամանակին վճարումներ իրականացնելը բարձրացնում է սքորը)

Վարկային սքորի էության վերաբերյալ առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այցելելով հետևյալ կայքեր՝

🌐 www.abcfinance.am

🌐 www.acra.am

Վարկային պատմության և սքոր գնահատականի բարելավման քայլերը

Վարկային պատմությունը և սքոր գնահատականը հնարավոր է բարելավել՝ շտկելով դրանք վատթարացնող հիմնական պատճառները, դրսևորելով պարտաճանաչ վարքագիծ և ճիշտ կառավարելով վարկային բեռն՝ այն համադրելով ընթացիկ եկամուտների հետ․ մասնավորապես՝ հարկավոր է՝

🔸առկայության դեպքում մարել գործող ժամկետանց պարտավորությունները, այդ թվում՝ ապահովելով գործող երաշխավորությունների գծով առկա ժամկետանց պարտավորությունների մարումը

🔸 թեթևացնել վարկային բեռը` մասամբ կամ ամբողջությամբ մարելով գործող վարկերը կամ առկայության դեպքում նվազեցնելով գործող երաշխավորությունների քանակը և գումարը

🔸 գործող վարկերի գծով վճարումներն իրականացնել գրաֆիկին համապատասխան և թույլ չտալ դրանց գծով պարտավորությունների կատարման ուշացումներ

🔸 վերահսկել գործող երաշխավորությունների գծով մարումների իրականացումը՝ համաձայն տվյալ երաշխավորությամբ ապահովված պարտավորության սահմանված գրաֆիկի

🔸 երաշխավորություն տրամադրելիս ուշադրություն դարձնել տվյալ անձի վարկային պատմությանը և վերջինիս վարքագծին՝ որպես վարկառու

🔸 հաճախակի չդիմել նոր վարկերի ստացման համար՝ բացառելով նոր վարկային հարցումների բացասական ազդեցությունը սքոր գնահատականի վրա

Թարմացվել է 29.04.2026 13:16

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում արած այլ ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում նաև այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում անհրաժեշտ է հիմնվել հայերեն տարբերակի վրա:

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: ©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են